
204 դիտում
Մեր մարմնում կա մի փոքրիկ թիթեռնիկ, որն ունակ է իրար խառնել մեր ողջ կյանքը, տրամադրությունն ու քաշը, եթե հանկարծ նեղանա մեզնից։
Ողջույն սիրելիներս, այսօր Մայիսի 25-ն է՝ Վահանաձև գեղձի համաշխարհային օրը։ Որպես կլինիկական դեղագետ, ամեն օր տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ տարիներով պայքարում անբացատրելի հոգնածության, քաշի տատանումների կամ մազաթափության դեմ՝ չկասկածելով, որ մեղավորը հենց այս գերհզոր «թիթեռնիկն» է։
Ահա մի քանի կարևոր, գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ ճիշտ խնամել այն, կողմնորոշվել դեղերի ու սննդի հարցում։
Դեղորայքի ընդունման ոսկե կանոնները
Եթե ձեզ նշանակվել է լևոթիրոքսին հիպոթիրեոզի դեպքում, հիշեք՝ սա խիստ նեղ թերապևտիկ պատուհան ունեցող դեղ է։ Այն պետք է ընդունել բացարձակ դատարկ ստամոքսին, ուտելուց առնվազն 30-ից 60 րոպե առաջ, միայն ջրով։
Երբեք մի համատեղեք այս դեղը սուրճի, կաթնամթերքի, կալցիումի կամ երկաթի հավելումների հետ։ Դրանք կապում են դեղանյութը ստամոքսում և թույլ չեն տալիս, որ այն ներծծվի։ Դեղի և այս հավելումների միջև պետք է լինի առնվազն 4 ժամվա տարբերություն։
Սննդակարգ և կենսակերպ
Յոդացված աղը մեր հիմնական դաշնակիցն է, բայց հիշեք՝ յոդը ցնդող տարր է։ Աղը ավելացրեք կերակրի պատրաստման ամենավերջում, այլ ոչ թե եռալու ընթացքում։
Կաղամբը, բրոկոլին, ծաղկակաղամբը պարունակում են նյութեր, որոնք կարող են խանգարել յոդի ներծծմանը, սակայն միայն հում վիճակում և մեծ քանակությամբ։ Եփելու դեպքում այդ ազդեցությունը գրեթե վերանում է, այնպես որ հանգիստ կարող եք ուտել ջերմային մշակման ենթարկված տարբերակները։
Վիտամիններ և հավելումներ
Սելենը և ցինկը կարևոր են վահանաձև գեղձի հորմոնների ակտիվացման համար, սակայն դրանց ինքնագլուխ ընդունումը, հատկապես բարձր դեղաչափերով, կարող է տոքսիկ լինել։ Նախապատվությունը տվեք բնական աղբյուրներին, օրինակ՝ օրական ընդամենը երկու բրազիլական ընկույզը լրացնում է սելենի օրական պահանջը։
Վիտամին Դ-ի և մագնեզիումի բավարար մակարդակը նույնպես ապահովում է իմունային համակարգի հավասարակշռությունը, ինչը ծայրահեղ կարևոր է Խաշիմոտոյի նման autoimmune խնդիրների դեպքում։
Ինչպե՞ս վարվել հիվանդության հետ
Մի զբաղվեք ինքնաբուժությամբ և մի փոխեք դեղաչափերը ընկերուհու կամ հարևանի խորհրդով։ Վահանաձև գեղձի բուժումը անհատական է և հիմնվում է ձեր արյան անալիզների՝ մասնավորապես ՏՏՀ (TSH) մակարդակի վրա։
Տարեկան գոնե մեկ անգամ խորհրդակցեք էնդոկրինոլոգի հետ, կատարեք վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն (ՍՈՆՈ) և հորմոնալ սկրինինգ, հատկապես եթե պլանավորում եք հղիություն, քանի որ մոր հորմոնները կենսական են բալիկի նյարդային համակարգի զարգացման համար։
Եկեք ավելի ուշադիր լինենք մեր մարմնի ազդակների հանդեպ։ Կիսվեք այս նյութով ձեր էջում, որպեսզի ձեր մտերիմներն էլ իրազեկված լինեն և ճիշտ հոգ տանեն իրենց առողջության մասին։
Առողջ եղեք։Նյութը՝Nareg Varjabedian